четверг, 14 апреля 2016 г.

Նարեն սրճարանում պարում էր

Dip'n'Dip-ում Նարեն կանգնել էր բազմոցին ու պարում էր՝ սրահի նստածների ուշադրությունը գրավելով:

Բավականին անկաշականդ էր, բայց հենց նկատեց, որ նկարում էր՝ ամաչեց: Բայց անծանոթներից չէր ամաչում :)

четверг, 7 апреля 2016 г.

Աշախատանքս ուշ վերջացնելու հետևանքը

Երեկ աշխատանքս ուշ վերջացրեցի. ՀՀ-ՌԴ վարչապետների համատեղ հայտարարությունը պիտի լուսաբանեի: Նարեի հետ հեռախոսով եմ խոսում.

-Նար ջան, ո՞նց ես:
-(Չի պատասխանում):
-Նար ջան, ի՞նչ ես անում:
-Ողբս դրել եմ, քեզ եմ ուզում...


понедельник, 28 марта 2016 г.

Նարեն բարեխղճության դասեր է տալիս

Հերթական քննչական գործողություններ կատարելուց հետո Նարեն պայուսակումս տեսավ օֆիսի ֆոտոապարատը, որը մոռացել էի պայուսակիցս հանել:
-Մամա, սա ի՞նչ ֆոտոապարատ ա:
-Գործի տեղինն ա, բալես:
-Բա ինչի՞ ես բերել, քեզ սովորացրել են, չէ՞, որ քոնը չի, մի վերցրու:

понедельник, 7 марта 2016 г.

Մահանոց

Երեկոյան քնելուց առաջ Նարեն նորից հիշեց, որ բժիշկներին չի սիրում: Ասում եմ. «Նար ջան, բայց ինչի՞ չես սիրում, տես տատիկն էլ է բժիշկ: Որ ինքը չգնա գործի, չբուժի, մարդիկ կմահանան»: Լեզվի սայթաքում էր, մահի, մեռնելու մասին, սովորաբար, չեմ խոսում իր հետ: Մի քանի վայրկյան դադար տվեց ու թե.

-Մամա, տատիկը մահանոցու՞մ ա աշխատում:

Հեշտությամբ բացատրեցի, որ մահանոց չի, հիվանդանոց է: Բայց, հետո էլ չկարողացա դուրս գալ մեռնելու ու մահի վերաբերյալ հարցերից տարափի տակից:

воскресенье, 28 февраля 2016 г.

четверг, 18 февраля 2016 г.

Ամբողջ օրը հեռու եմ...

Ափսեներն եմ լվանում, Նարեն անընդհատ գալիս-մտնում է թևիս տակ, խանգարում. «Նար ջան, հեռու գնա թևիս տակից»: Մի քանի վարկյան հետո նորից գալիս, խցկվում է թևիս տակ, ես նորից.

-Բալես, թևիս տակիս հեռու գնա:
-Դե ամբողջ օրը հեյու եմ էլի...

Ու մենակ Աստված գիտի, թե ես ինչ զգացի այս պատասխանը ստանալուց հետո:

суббота, 28 ноября 2015 г.

Պուճուրը

Այ էս «փըյչոտը» Նարեի «Պուճուրն» է, որին Նարեն մեծ սիրով խնամում է: Եթե Աստված չանի Նարեն հանկարծ որոշի, որ Պուճուրը լացում է, իսկ Պուճուրը «լացում» է 5 րոպեն մեկ պարբերականոթյամբ, ապա ամբողջ տնով-տեղով ահաբեկվում ենք: Հերթով բոլորս ստիպված ենք Պուճուրին գրկել, երգել, օրորել, մինչև Նարեն կորոշի, որ էլ չի լացում:

Ավելի մեծ փորձության միջով պարբերաբար անցնում է տատիկը, որ ստիպված է լինում Պուճուրին գրկել ու նստել, որ մուլտիկ նայի :)))

Երեկ աշխատանքից տուն եկա ու պարզվեց, որ շուտով Պուճուրի ծնունդն է. «Տոյթ պիտի պատվիյենք»:

Իսկ էսօր առավոտ պարզվեց, որ ոչ ավել- ոչ պակաս Պուոճուրը «ծիծիկ է ուտում»:

***

Մի քանի օր առաջ էլ, երբ Նարը խնդրեց Գևորգին, որ Պուճուրին իր մոտ բերի, Գևորգը ծիծաղելով ասեց. «Նար ջան, դու դեռ պուճուր չունես»: Ու Նարեն վրդովված պատասխանեց. «Ունեմ, ո՞նց չունեմ»:

понедельник, 23 ноября 2015 г.

Ոչ մի դեպքում մեղավոր չի :)

Երեկոյան թեյի սեղանի շուրջ Նարեն անընդհատ գնում-գալիս ձեռքիս էր խփում ու մեկ էլ հաջողացրեց այնպես, որ խեղդվեցի: Ասում եմ. «Նար ջան, խփես, կխեղդվեմ, մամա չես ունենա»:

Մի քանի վայրկյան լուռ մնաց ու մեկ էլ նայեց տատիկի կողմը. «Հեսա կխեղդվի ու էլ աղջիկ չես ունենա: Ինչի՞ ես մամայիս վրա խոսում: Ամբողջ օրը վրան խոսում ես»:

Բայց տատիկը սուսուփուս թեյն էր խմում :)))

пятница, 13 ноября 2015 г.

Երկու զինվոյ են կլակել...

Նարեն առավոտյան արթնացավ, նստեց անկողնու մեջ ու միանգամից ակտիվացած ասաց. «Գիտե՞ք, զինվոյ են կլակել», «Այ, երկու զինվոյ են կլակել»(մատերով ցույց է տալիս V):

Նախորդ օրը սահմանին երկու զինվոր է զհովել թուրքի գնդակից: Մաման կարդացել է լուրը ու շատ բուռն արձագանքել, Նարեն տպավորված էր: